ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» օգոստոսի 19-ին հյուրընկալվեց շոտլանդական «Ռեյնջերսին»:
Առաջին կեսում «Ալաշկերտը» հիմնականում պաշտպանվում էր, «Ռեյնջերսը»՝ մեծամասամբ գրոհում: Խաղի 43-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից «Ռեյնջերսի» ֆուտբոլիստ Լանդսթրեմը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական հաշվով:
Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը», չնայած քանակական առավելությանը, կրկին պաշտպանվողի դերում էր։ Հատկանշական է, որ ամբողջ հանդիպման ընթացքում հայկական ակումբի խաղացողները չկարողացան գեթ մեկ հարված կատարել մրցակցի դարպասին։ 67-րդ րոպեին Մորելոսը օգտվեց պաշտպանների սխալից և առաջ մղեց իր թիմին: Խաղն ավարտվեց «Ռենջերսի» նվազագույն առավելությամբ՝ 1:0:
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին՝ Երևանում: