Կորոնավիրուսով վարակված 22 և 28 տարեկան պացիենտները ծայրահեղ ծանր վիճակում են. Ավանեսյան

Առողջապահության նախարարը նշում է, որ կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացման միտում կա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի» վերակենդանացման բաժանմունքում են գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Պատվաստումների տեմպը մեծացել է, բայց դեռևս գոհացուցիչ չէ. Ավանեսյան
«Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ»,–գրել է նախարարը:
Նրա խոսքով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 508–ով և դարձել 236 742: