ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։
Զելենսկին շնորհավորել է Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրանացի ժողովուրդների համագործակցությունը խորացնելու գործում:
Կարապետյանը Ուկրաինայի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեմաղթանքներն ու վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է առաջիկայում կայանալիք երկկողմ տարբեր մակարդակի շփումները և մասնավորապես՝ Հայ-ուկրանական միջկառավարական հանձաժողովի նիստի անցկացումը:
Զելենսկին էլ խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին և ողջ հայ ժողովրդին:
Հիշեցնենք` Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան էր նշանակվել հունիսի 1-ին` Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով` 3 տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)։ Մինչ այդ նա Փաշինյանի խոսնակն էր։