ՌԱԴԻՈ

Ինչպիսի ազդակներ պետք է հղի պաշտոնական Երևանը Աֆղանստանին. փորձագետի կարծիքը

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Աֆղանստանի իրադարձություններին`նշելով, թե ինչ ազդեցություն կարող են դրանք ունենալ մեր տարածաշրջանի վրա։
Sputnik
Պաշտոնական Երևանը պետք է փորձի հասկանալ, թե ինչ կապեր ունի «Թալիբանը» արցախյան պատերազմում ներգրավված պետությունների հետ, պետք է բացատրի, թե ինչ էր անում հայկական խաղաղապահ անձնակազմը Քանդահարում, թալիբներին ազդակներ հղի առ այն, որ Երևանը կողմ է Աֆղանստանում ներքին համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Գրիգոր Բալասանյանը։ 
Թուրքիան օգնել է, որ Աֆղանստանի կառավարության նախկին անդամները հեռանան երկրից
«Աֆղանական թնջուկը լուրջ ազդակ է` ուղղված այդ երկրում այն ուժերին ու անհատներին, որոնք հույսեր են կապել Միացյալ Նահանգների հետ, բայց այսօր կանգնել են կոտրած տաշտակի առջև, նախագահը փախել է երկրից, բանակային հրամանատարիներից մեկը հատել է Իրանի, մյուսը՝ Ուզբեկստանի սահմանը, այսինքն` իրականում այստեղ գործ ունենք քաոսի հետ, որը սկսվեց այդ երկրից ԱՄՆ–ի զինուժի դուրս գալուց հետո»,– նշեց փորձագետը։   
Բալասանյանի դիտարկմամբ` «Թալիբան» շարժումը ստեղծվել է ԱՄՆ–ի գիտությամբ և անմիջական մասնակցությամբ, որի հիմնական նպատակը պայքարն էր խորհրդային բանակի դեմ, բայց մեր օրերում այդ շարժումն օգտագործվում է նաև Իրանում իրավիճակն ապակայունացնելու համար։ Իրանին, սակայն, հաջողվեց փրկվել այդ սցենարից, և հիմա երկկողմ երկկողմ հանդիպումներ կլինեն «Թալիբանի» առաջնորդների հետ։
Ըստ փորձագետի` աֆղանական դեպքերը ցույց տվեցին, որ գործ ունենք երկակի ստանդարտների հետ, այսինքն` մի կողմից «Թալիբանը» հռչակվում է միջազգային ահաբեկչական կառույց, մյուս կողմից նրա ներկայացուցիչների հետ տարիներ շարունակ գերտերությունները բանակցություններ են վարում։  
Աֆղանստանի նախկին նախագահը երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Կիրակի օրը ԶԼՄ–ները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ լքել է երկիրը` «արյունահեղությունը կանխելու համար»։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմն ասաց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։