Հետախուզությունը և հակահետախուզությունը տարանջատելը, մի կենտրոնից չղեկավարելն ունի բավականին բացասական կողմեր։ Հետախուզության և հակահետախուզության արդյունքում ստացված տվյալները պետք է մեկտեղել և ճիշտ որոշումներ կայացնել։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտանակատար Միքայել Համբարձումյանը։
Նա նշեց, որ վերոհիշյալ նախաձեռնության մասին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր դիրքորոշման հիմնավորումները կներկայացնի երկուշաբթի օրը։
«ԱԱԾ համակարգում իհարկե կար և այսօր էլ կա հետախուզության դեպարտամենտ։ Ընդհանրապես առանձին հետախուզություն ունենալը բնորոշ է խոշոր պետություններին, որոնք ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ, մեր դեպքում նման լայն շրջանակ գոյություն չունի։ Կան երկրներ, որոնք մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են, բայց դրանք քանակային իմաստով խոշոր պետությունների ուղղությունների չափ չեն։ Մի կառույցի ներսում հնարավոր է շատ կոմպակտ, ուժեղ, սոցիալական խնդիրները լուծված լուրջ կառույց ստեղծել, ինչն այսօր ունենք, ուղղակի այդտեղ պետք է բարեփոխումներ իրականացնել` աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել, լավ կադրերով համալրել, ուժեղացնել ղեկավարումը, մեկտեղել հետախուզությունն ու հակահետախուզությունը և շահագործել որպես մեկ ամբողջական կառույց»,– ասաց ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը։
Համբարձումյանի խոսքով` վարչապետը բարձրացնում է ոչ թե կադրային, այլ կառուցվածքային խնդիր և ասում է, որ տարանջատեն ու առանձին մարմին ստեղծեն, մինչդեռ ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները դրա մեջ իմաստ չեն տեսնում, գտնում են, որ դա առաջացնելու է լրացուցիչ բյուրոկրատական խնդիրներ, մեծ ծախսեր։ Համբարձումյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ որոշակի բարեփոխումներ իրականացնելուց հետո անհրաժեշտ է լուրջ աշխատանք ծավալել եղած հենքի վրա և մեկ ամբողջական կառույցի ներքո։
Նշենք` օգոստոսի 18–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ բարեփոխումների շրջանակում կառավարության ծրագրով առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է ՀՀ–ում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։