ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի «Երից Մանկանց» վանքի տարածքում հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Մարտակերտի շրջանային ԱԻ բաժին տեղեկությունը ստացվել է օգոստոսի 18-ին։ Հայտնել են, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում բռնկված հրդեհը շարունակվում է:
Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները երկու մարտական հաշվարկով մեկնել են կանչի վայր և աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Սակայն կրակն արագորեն տարածվել է ուղեկցվող քամու ուժգնացման պատճառով:
Հաշվի առնելով վտանգի լրջությունը` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով:
Շարունակվող հրդեհը մարելու նպատակով այսօր առավոտյան ժամը 7:00-ից հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկվել են ծառայության փրկարար ուժերի վարչության և Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջները, ինչպես նաև Մարտակերտի շրջվարչակազմի ռեսուրսները:
Աշխատանքը տեղում ղեկավարում է ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը: