Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է COVID-19-ի հետ կապված իրավիճակը

ԱՀԿ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ համավարակի դեմն առնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոյին: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում:
Կորոնավիրուսային թվերի աճով պայմանավորված` ՀՀ–ում դիմակների վերահսկողությունը խստացվում է
«COVID-19-ի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ առողջապահությունը մեր երկրում դարձել է առաջնահերթություն: Ցավոք, նոր բռնկումների վտանգն առկա է, և մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկին պատրաստ լինենք», - նշել է առողջապահության նախարարը:
Ստորոժենկոն ԱՀԿ-ի անունից իր երախտագիտություն է հայտնել նախարարությանը` տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքների համար` վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ:
«Առողջապահության նախարարության կողմից հսկայական ջանքեր են գործադրվել՝ COVID-19 համավարակի և հատկապես զինված հակամարտության ընթացքում առողջապահական համակարգի պատշաճ աշխատանքն ապահովելու համար: ԱՀԿ հայաստանյան գրասենյակը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը լիովին հավատարիմ են երկրում ԱՀԿ հիմնական գործընկեր առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցության հանձնառությանը»,- նշել է Օլեգ Ստորոժենկոն:
Կորոնավիրուսի թվերն աճում են. հոկտեմբերի 1-ից նոր պահանջներ կներդրվեն տնտեսվարողների համար
Անդրադառնալով առողջապահական համակարգի առջև ծառացած այլ խնդիրների լուծմանը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ կառավարության գործունեության հնգամյա  ծրագրում ներառված է նաև բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը: