ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կառավարությունը պետք է փորձի մինչև 2026 թվականը Հայաստանում գործազրկության մակարդակը 10 տոկոսից ցածր դարձնել։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը։
«Մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են` համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն 7 տոկոս մակարդակ ապահովել, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում` 9 տոկոս։ Բացի այդ, ֆորմալ հատվածի` ոչ պետական ոլորտի աշխատավարձի և այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` նվազագույն կենսաթոշակի չափերը պետք է հավասարեցվեն պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, իսկ նվազագույն աշխատավարձը՝ սահմանել 85 000 դրամ, ինչպես նաև վերացնել ծայրահեղ աղքատությունը։
Վարչապետը նշեց` բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026-ը նախատեսում ենք ունենալ շուրջ 35 000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը դարձնել 500 մլրդ դրամ։ Այսինքն` շուրջ 16 000 աշխատատեղ կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա 5 տարիների ընթացքում։
Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է կառուցել կամ նորոգել շուրջ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, հանրապետության բոլոր` 1400 դպրոցներում նախատեսվում է բնագիտական և ինժեներական ժամանանակակից լաբորատորիաներ ստեղծել։