ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Քաբուլից ժամանած ամերիկյան ինքնաթիռի անձնակազմին դիմավորել են հոգեբաններն ու քահանաները։ Օդաչուները հոգեբանական աջակցության կարիք են ունեցել` ինքնաթիռի շասսիի հատվածում մարդկային դիակներ տեսնելուց հետո։ Տեղեկությունը հայտնում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ օդանավի անձնակազմը գիտեր, որ տեղի բնակիչներն իրենց կապել են ինքնաթիռի թևերին։ Չնայած դրան՝ ինքնաթիռին թռիչքի թույլտվություն են տվել։
Կատարում տեղակայված ավիաբազային մոտենալիս պարզվել է, որ շասսի մեխանիզմը խափանված է։ Անձնակազմի անդամներից մեկն ինքնաթիռի շասսի զննությամբ այնտեղ հայտնաբերել է մարդկային մարմնի մնացորդներ. դրանք թռիչքի պահին ինքնաթիռին վրա նստած մարդկանց մնացորդներն են եղել։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Օգոստոսի 15–ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ երկիրը լքել է արյունահեղությունը կանխելու համար։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմն էլ հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։