ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար հետախուզվողը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդը թաքնվում է Երևանի Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում։
Հետախուզվողը, որը փորձել էր փախչել, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում բնակվող երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։