ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը Facebook-ում գրառում է արել, որով պատասխանել է քաղաքացիներից այս օրերին իրեն ուղղված բազմաթիվ նամակներին` կապված իր հետագա պաշտոնավարման հետ։
«Առաջիկա օրերին սպասում եմ առաջարկության՝ կառավարության կազմում իմ հետագա պաշտոնավարման վերաբերյալ, որից հետո մանրամասն կներկայացնեմ բոլոր ծրագրերը»,– գրում է նա` չբացահայտելով, թե որ գերատեսչությունում ու ինչ պաշտոնում է շարունակելու աշխատանքը։
«Ամեն դեպքում, հայտարարում եմ, որ նախորդ տարիների բոլոր նախաձեռնությունները մնում են օրակարգում, քանի որ իմ մոտեցումներն ապագայի վերաբերյալ ձևակերպվել են վաղուց, այդպիսիք են այսօր, այդպիսիք են լինելու նաև ապագայում»,– գրում է Չոբանյանը։
Նշենք, որ արտահերթ ընտրություններից հետո ձևավորված ՀՀ նոր կառավարության կազմում ներկա պահին թափուր է մնացել նախարարական միայն մեկ աթոռ` ՀՀ ԱԳ նախարարինը։ Նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, կառավարության նոր կազմում օգոստոսի 4-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում նշանակվեց Վահագն Խաչատուրյանը։ Մինչ այդ` 2021 թվականի ապրիլի 2-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր Հայկ Չոբանյանը։
Մինչ այդ` 2019 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի կառավարության որոշմամբ Չոբանյանը նշանակվել էր Հայաստանի Տավուշի մարզպետ։