ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել: Տեղեկությունը հայտնել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանը Ղանիի փախուստն անվանել է «պետության և ժողովրդի դավաճանություն» և հայտարարել է, որ նա 169 մլն դոլար է գողացել պետական գանձարանից:
Միևնույն ժամանակ դեսպանը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհին է ճանաչում որպես երկրի ղեկավար: «Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին տեղակալը պետք է կատարի նրա պարտականությունները, հենց այդ պատճառով Ամուրլա Սալեհն է հիմա երկրի ղեկավարը»,- ասել է դեսպանը:
Վերջինս հավելել է, որ դիմելու է Ինտերպոլին՝ Ղանիին ձերբակալելու պահանջով, որպեսզի նրան միջազգային դատարան բերեն:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Սահմանադրության համաձայն` փոխնախագահ Սալեհը մնացել է երկրում և ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները: Հաղորդվում է, որ Սալեհի ուժերը թալիբներից հետ են նվաճել Քաբուլից հյուսիս գտնվող Չարիքար շրջանը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Օգոստոսի 15–ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ երկիրը լքել է արյունահեղությունը կանխելու համար։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմն էլ հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։