ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ–ն հաստատել է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ընտանիքով գտնվում է իրենց երկրում։
«Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը կարող է հաստատել, որ ԱՄԷ–ն մարդասիրական նկատառումներով ընդունել է նախագահ Աշրաֆ Ղանիին և նրա ընտանիքին», – ասված է հաղորդագրության մեջ։
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակմամբ (շարժումը ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում): Օգոստոսի 15–ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։
Ավելի ուշ գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ լքել է երկիրը, «որպեսզի կանխի արյունահեղությունը»:
Օգոստոսի 16–ի գիշերը «Թալիբանի» քաղաքական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս: