Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերը

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սահմանամերձ գյուղում տիրող իրավիճակին և բնակիչների առօրյային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Վերին Շորժայում անցած օրերին միջադեպեր չեն գրանցվել, և տևական ժամանակ անդորրը պահպանվում է, դիրքերում կանգնած հայ զինվորականներն իրականացնում են բնագիծն ու դիրքերն ամրացնելու աշխատանքներ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը և հավելեց, որ պարբերաբար այցելում է դիրքեր, վերջին անգամ այնտեղ գնացել էր երեկ։
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ
«Գյուղացիներն ակտիվորեն ներգրավված են գյուղատնտեսական աշխատանքներում, իրականացնում են վարուցանք, թեև եղանակը շատ չորային է, գութանը հազիվ է մտնում հողի մեջ, ցանքերն անջրդի են, վարելահողերը կազմում են 20 հազար հեկտար։ Չորային եղանակը վնասում է նաև անասնապահությանը։ Թեև գլխաքանակը հիմնականում պահպանվել է, սակայն նվազել է անասունների կաթնատվությունը։ Եթե երաշտ չլինի, տարածքները բավարար են ունեցած անասնագլխաքանակն ապահովելու համար»,– ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավարը։
Արտյոմ Երանոսյանի փոխանցմամբ` մարդիկ գյուղից հեռանալու ցանկություն չունեն, ապրում են հանապազօրյա հոգսերով, ուշադրությամբ հետևում են Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակին։
Գյուղապետի տեղեկացմամբ`ռուս զինվորականները տասն օր առաջ այցելել էին Վերին Շորժայի տարածք։ Դիրքերը գյուղից գտնվում են ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա, գյուղը նշանառության տակ է, սակայն մարդկանց դա արդեն չի անհանգստացնում այնքան, որքան առաջ, երբ ադրբեջանցիները նոր էին երևացել այդ տարածքում, որովհետև այժմ հայկական բանակի զինվորները տեղակայվել են նրանց դեմ հանդիման։
Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանցիների կրակոցներից սահմանի Երասխի ու Գեղարքունիքի մարզի հատվածներում հայկական կողմից զոհվել է 2 զինծառայող։
Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական նշանառության տակ են. Թաթոյանը լուսանկար է հրապարակել
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։