ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում` միջազգային հանրության թողտվության ու անտարբերության պայմաններում, առայսօր շարունակվում է եզդիների ցեղասպանությունը։ Այս մասին այսօր Աժ ամբիոնից հայտարարեց Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ երեկ` օգոստոսի 16-ին թուրքական օդուժը եզդիական Շանգյալ (Սինջար, քաղաք Իրաքում-խմբ.) քաղաքի կենտրոնում հարվածել է եզդի հրամանատար Սայիդ Խդըր Հասանի ավտոմեքենային, որի հետևանքով հրամանատարը զոհվել է։
«Մեքենայում նաև իր զարմիկն է եղել, ով բանակում էր ծառայում։ Երեք խաղաղ բնակիչ վիրավորվել են։ Ասեմ, որ Սայիդ Խդըր Հասանն այն եզդի հրամանատարներից էր, ովքեր 2014թ–ին, երբ Սինջարում տեղի ունեցավ եզդիների ցեղասպանությունը, կարողացավ զորք հավաքել, ու իր զորքով փորձեց փրկել եզդիներին, ինչը նրան մասամբ հաջողվեց»,– ասաց Բաքոյանը։
Նա նաև նշեց, որ Սայիդ Խդըր Հասանը թուրքական ուժերի կողմից սպանված արդեն երրորդ եզդի հրամանատարն է։
Պատգամավորը եզդի ժողովրդի անունից հայտարարեց, որ հակառակ Թուրքիայի ջանքերին՝ եզդիները գնալու են իրենց մեծ նպատակի հետևից ու այդ տարածաշրջանում կառուցելու են իրենց երկիրը։