ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Սևանից ոռոգման նպատակով հավելյալ ջրառ իրականացնելու կառավարության առաջարկն այսօր խորհրդարանում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու առիթ դարձավ։
Ընդդիմությունը կառավարության օրենսդրական առաջարկը ներկայացնող Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին մեղադրեց ոլորտին անտեղյակ լինելու ու խորհրդարանում ոչ պատշաճ պահվածքի համար։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ իշխանությունն այս տարի արտահերթ ընտրություններին ընդառաջ ոռոգման սեզոնը նախատեսված ժամկետից շուտ է մեկնարկել։
«Եթե դու դինամիկան նայեք, կտեսնեք, որ միայն նախընտրական շրջանում Սևանա լճից 30 մլն խմ–ից ավելի ջուր է բաց թողնվել։ Լավ է արվել գուցե, գյուղատնտեսության համար օգտակար է։ Բայց ինչո՞ւ նախորդ տարիներին այդ բանը չի արվել», –ասաց Մինասյանը։
Ի պատասխան Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ 30 մլն խմ ջուր բաց թողելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։ Նրա խոսքով` բաց է թողնվել 19 մլն խմ ջուր և միայն 10 օր նախատեսվածից շուտ` չոր եղանակի ու ոռոգման ջրի սակավության պատճառով, գյուղացիական տնտեսություններին ջրով ապահովելու համար։
Ինչ վերաբերում է Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալին, Սարգսյանը նշեց, որ ամենաբարձր ցուցանիշը 2006թ–ից ի վեր գրանցվել է 2020թ–ին, երբ 210 մլն խմ ջուր է տեղափոխվել Սևան` Արփա–Սևան թունելով։
«Ինձ թվում էր, թե Ձեզ, պարոն Մինասյան, ավելի շատ պետք է հետաքրքրեր, թե ինչու Որոտան– Արփայով ջուր չի գալիս Սևան։ Այդ հարցին ինձ թվում է` Դուք կկարողանայիք պատասխանել, որովհետև այդ հարցն ուղիղ վերաբերում է Ձեզ»,– ասաց Ջրային կոմիտեի նախագահը։
Ի վերջո, փոխադարձ մեղադրանքներով հագեցած բուռն քննարկումից հետո ԱԺ–ը հաստատեց Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը։ Կառավարության առաջարկն ընդունվեց 65 կողմ, 18 դեմ ձայներով։
Հիշեցնենք` ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ էր գումարել կառավարության առաջարկով` քննարկելու Սևանից ոռոգման նպատակով հավելյալ ջրառի առաջարկը։
Կառավարության նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի Սևանից բաց թողնել 245 մլն մ³ ջուր։