ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ի Յուտա նահանգում գտնվող մասնավոր գազանանոցի աշխատակիցներից մեկին հազիվ է հաջողվել չզրկվել ձեռքից, երբ կերակրել է կոկորդիլոսին։ KCPQ հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, որ դեպքը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ։
Գազանանոցի աշխատակիցն էքսկուրսիա է կազմակերպել մեծերի և երեխաների հետ` երեխաներից մեկի ծննդյան օրն է եղել։ Նա բացել է կոկորդիլոսի տարածքի դուռը և փորձել կերակրել նրան, սակայն կենդանին հարձակվել է կնոջ վրա։ Կենդանին կնոջն իր մոտ` լողավազան է քարշ տվել։
Այդ պահին կնոջն օգնության է հասել գազանանոցի մեկ այլ աշխատակից, որը մարմնով հենվել է կոկորդիլոսի վրա` բերանը պահելով, որպեսզի աղջկա ձեռքը չկտրի։ Որոշ ժամանակ պայքարից հետո կոկորդիլոսը տեղի է տվել և կնոջ ձեռքը բաց է թողել։ Տղամարդուն նույնպես հաջողվել է անվնաս դուրս գալ այդ տարածքից։