Իրանի նախագահն ու Բորիս Ջոնսոնն ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին

Ռայիսին խոսել է Իրանի ու Հայաստանի հարաբերություններն ընդլայնելու մասին, իսկ Ջոնսոնը` Ղարաբաղյան հակամարտության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Նախորդ տարիների փոխադարձ և շարունակական ջանքերի շնորհիվ Իրանի և Հայաստանի միջև ձևավորվել են բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերություններ։ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին հղած իր ուղերձում ասել է Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Պատրաստ ենք հուսալի գործընկեր մնալ ՀՀ բարեփոխումների գործընթացում. Շվեյցարիայի նախագահ
«Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման նպատակով։ Բացի այդ, այդ ընթացքն ընդգծում է բազմակողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ»,–ասել է Ռայիսին։
Փաշինյանին շնորհավորել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Վերջինս էլ նշել է, որ վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո լիովին բանակցված, կայուն և խաղաղ կարգավորման օգտին։
Ջոնսոնի խոսքով` 2020 թվականի հակամարտությունից հետո Միացյալ Թագավորությունն առաջին երկիրն էր, որ հումանիտար օգնություն տրամադրեց ԿԽՄԿ աշխատանքների միջոցով։
Հիշեցնենք` Փաշինյանը կրկին ՀՀ վարչապետ նշանակվեց օգոստոսի 2-ին։
Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին