Եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը. նիստին մասնակցել է Մհեր Գրիգորյանը

Եռակողմ աշխատանքային խմբի նիստը կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Դա ուղղակի բացառված է». Գրիգորյանը` Սյունիքում ադրբեջանական միջանցք ստեղծելու մասին
Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները եւ քննարկել, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և  Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը:
Հիշեցնենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին գրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվեց 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում: Բանակցությունների նպատակով ստեղծվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ։ Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է Մհեր Գրիգորյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան։ Նրա խոսքով` օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հունիսին հայտարարել էր` եռակողմ աշխատանքային խումբը, որը պատասխանատու է տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման համար, իր աշխատանքը կվերսկսի Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո: Նա խմբի նախկին աշխատանքը շատ կառուցողական էր գնահատել։