ՌԱԴԻՈ

Բավրայի երկրաշարժը հետցնցում էր. ինչ կարծիքի է մասնագետը սեյսմիկ ակտիվության մասին

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենի ԺՊ Սոս Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մեր տարածաշրջանում վերջին օրերին գրանցված երկրաշարժերի պատճառներին։
Sputnik
Թուրքիայում և Իրանում գրանցված երկրաշարժերի գոտիները տարբեր են, իսկ ՀՀ Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում գրանցված երկրաշարժը կապ ունի Ջավախքի խզվածքային գոտու հետ, սակայն նշված գոտիները փոխկապակցված չեն, և ներկա պահին մեզ մոտ երկրաշարժերի հետ կապված մեծ անոմալիաներ չեն նկատվում: Անդրադառնալով վերջին օրերին գրանցված երկրաշարժերին` Sputnik Արմենիայի հետ զրուցի ընթացքում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենի ԺՊ Սոս Մարգարյանը։
«Ինչ վերաբերում է հետցնցումներին, ապա պետք է նշել, որ գնում է օջախի լարվածության և կուտակված էներգիայի լիցքաթափում, հետևաբար Բավրայի երկրաշարժն էլ պետք է դիտարկել որպես հետցնցում։ Միայն դա չէ, ունենք մոտ 130 հետցնցում, որոնց գերակշիռ մասը շատ թույլ մագնիտուդով են»,– հայտնեց Մարգարյանը։
Բավրայի երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել. տեսանյութ
Նա համեմատության կարգով վկայակոչեց Սպիտակի ու Երևանի երկրաշարժերը, որոնք մեծ մագնիտուտդով էին, հետևաբար ակնկալվում էր, որ կլինեն հետցնցումներ։ Հետցնցումները նույնպես լինում են տարբեր հաճախականությամբ, տարբեր ուժգնությամբ` 2,5–ից մինչև 4,5 մագնիտուդով։ Յուրաքանչյուր օջախ ունի իր բնութագիրը և, օրինակ, Ջավախքի խզվածքը համեմատաբար ակտիվ է` ի տարբերություն Փամբակ–Սևան–Սյունիք խզվածքի։
Մարգարյանի տեղեկացմամբ` ցնցումային ակտիվությունը սովորաբար պայմանավորված է տվյալ օջախում կուտակված էներգիայի լիցքաթափմամբ, ընդ որում` շատ հնարավոր է, որ չլինի հետցնցումային ակտիվություն։
Դա կախված է երկրաբանական, տեկտոնական և կառուցվածքային այլ գործոններից, որոնք յուրահատուկ են յուրաքանչյուր դեպքի համար։ Ըստ Մարգարյանի` հետցնցումները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել հետագա զարգացումների և ընդհանուր պատկերի մասին։   
Նշենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ` օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Հիշեցնենք, որ գրեթե նույն վայրում երկու երկրաշարժ ու 70 հետցնցում էր գրանցվել օգոստոսի 16-ին։