ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն` մանրամասներ տրամադրելով հարուցված քրգործից։
Նշենք միայն, որ 2018-ի ամռանը` ստուգումներից հետո, արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ազատվեց աշխատանքից։
Մասնավորապես, պարզվել է, որ ընկերության նախկին տնօրենը, հաշվապահների հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է լաբորատորիայի և բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոսը, ընդհանուր՝ 26.5 մլն դրամ:
Բացի այդ, նախկին տնօրենը, իր ընկերոջ կնոջ և կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչի օժանդակությամբ, 2011թ.-ի դեկտեմբերից մինչև 2018թ. հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերոջ կնոջ հետ կնքել է աշխատանքային պայմանագիր` նրան նշանակելով բժիշկ-հիստոլոգ: Վերջինս աշխատանքի չի հաճախել, իսկ կենտրոնի նախկին տնօրենը յուրացրել է որպես աշխատավարձ դուրս գրված 5.5 մլն դրամը։
Ի դեպ, չարաշահումների հետևանքով պատճառված վնասից 26.5 մլն դրամը գործի նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Սմբատ Դաղբաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), ընկերության գլխավոր հաշվապահներից մեկին, իմունարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական բաժանմունքի և մանկական բաժանմունքի վարիչներին, նախկին տնօրենի ընկերոջ կնոջը մեղադրանք է առաջադրվել յուրացնելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար որոշում է կայացվել քրեական գործից մաս անջատելու մասին։ Այս գործի շրջանակներում ընկերության մյուս գլխավոր հաշվապահի և կադրերի հաշվառման բաժնի վարիչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: