ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է ուղղել Հայաստանին` հայտարարելով, որ Վարդենիսն ու Սյունիքի մարզը ադրբեջանական հողեր են:
Ալիևն այցելել է Քարվաճառ (Քելբաջար), որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցավ Ադրբեջանին։ Հատկանշական է, որ նրա այցից առաջ սահմանի այս ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն էր եղել, որի ընթացքում հայ զինծառայող էր զոհվել։ Կորուստներ էր ունեցել նաև ադրբեջանական կողմը՝ երեք զոհ և մեկ վիրավոր ։ Հակառակորդը գնդակոծել էր նաև Կութ և Նորաբակ գյուղերը։
Վարդենիս-Քարվաճառ մայրուղու մոտ Ալիևը հայտարարել է, որ Վարդենիսն «ադրբեջանական հին հող» է։
«Սա Գեյչան է, ադրբեջանական հին հող։ 1930 թվականին Հայաստանի տարածքում ստեղծվեց Բասարգեչարի շրջանը, որի բնակիչների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանցիներ էին։ Զոդ (Սոթք) գյուղի բնակիչները նույնպես ադրբեջանցիներ էին։ Նրանք արտաքսվել են։ Միայն 1969թ. հունիսին Հայաստանը Բասարգեչարի շրջանը վերանվանեց և կոչեց Վարդենիս։ Ես խնդրում եմ, ռեպորտաժներում և ընդհանրապես մեր բառապաշարում պետք է օգտագործվի ոչ թե Վարդենիսը, այլ պետք է վերականգնվի Բասարգեչար անվանումը», - ասել է նա։
Խոսելով Սյունիքի Սև լճի մոտ տիրող իրավիճակի մասին, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մայիսից դիրքեր են գրավել հայկական տարածքի հաշվին, Ալիևը հայտարարել է, որ Երևանի «հավակնություններն» անհիմն են:
«Այդ սահմանը 30 տարի գտնվել է հայերի ձեռքում, մայիսին՝ ձյան հալչելուց հետո, մենք դուրս եկանք այդ սահմաններ, գրավեցինք մեր դիրքերը։ Տեղավորվել ենք Զանգեզուրում և ամրապնդվում ենք այնտեղ։ Դա մեր հողն է։ Հայկական կողմի հայտարարություններն անհիմն են։ Մենք մեր հողում ենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը ։
Նա ասել է, որ «Արևմտյան Զանգեզուրը» (նկատի ունի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը. խմբ.) այժմ գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ, բայց Ադրբեջանը մտադիր է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով օգտագործել այն և «իր քաղաքացիներին վերադարձնել նախնիների երկիր»։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ այդ խնդիրը թողել է հաջորդ փուլի համար։
Հիշեցնենք `Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրվեց մայիսի 12-ին։ Ադրբեջանցի զինվորականներն այժմ գտնվում են Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մոտակայքում։ Լարվածության ևս մեկ օջախ էլ կա Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ (Նախիջևանի ուղղություն)։
Այդ հատվածներում պարբերաբար փոխհրաձգություններ են գրանցվում։