Ադրբեջանցիների արձակած կրակոցից զինծառայողի ոտքն է վնասվել

Պարտադիր ժամկետային զինծառայողը, որը վնասվածք է ստացել հակառակորդի կրակոցից, զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վնասվածք է ստացել նույն զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդը, որը պարտադիր ժամկետային զինծառայող է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նա հրազենային վնասվածք է ստացել աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանցիների արձակած գնդակները հասել են Կութի տների տանիքներին. ինչ է պատմում գյուղապետը
ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերը
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։