ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Արժևորելով հայ–ուրգվայական 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները` Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում։ Այս մասին ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն։
«Բացի այդ, Ուրուգվայն իր անհանգստությունն է հայտնել միջազգային հանրությանը, քանի որ տարածաշրջանում խաղաղությունը կասկածի տակ է։ Բացի այդ, հայտարարել ենք, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն առանց բռնի ուժի` հակամարտությունները պետք է խաղաղ ձևով կարգավորվեն»,–ասաց Բուստիժոն։
Նրա խոսքով` Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ կարևոր էր երկու երկրների կրթական հաստատությունների միջև համաձայնագրի ստորագրումը։ Խոսքը Ուրուգվայի պետական և Բրյուսովի անվան պետական համալսարանների միջև համաձայնագրի մասին է, որի շնորհիվ ուսանողներն ու դասախոսները փոխադարձ այցեր կկատարեն, իսկ Ուրուգվայի համալսարանում հայերեն կսկսեն դասավանդել։