ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը աշխատանքային շփումներ է հաստատել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ (այս կազմակերպության գործունեությունն արգելված է ՌԴ-ում)՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է գործել սովորական ռեժիմով։ Նոր իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքային շփումներ են հաստատվել ռուսական հաստատության անվտանգությունն ապահովելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ ռուսական կողմը հետևում է իրադրության զարգացմանը: Երկրում և մասնավորապես Քաբուլում իրավիճակը կայունանում է։ Իսլամիստները հետևում են հասարակական կարգին, ապահովել են տեղի բնակիչների ու դիվանագիտական առաքելությունների անդամների անվտանգությունը:
Հիշեցնենք` Աֆղանստանում իրավիճակը սրվեց վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժման անդամները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա:
Երեկ հայտնի դարձավ, որ ապստամբներն իրենց վերահսկողության տակ են առել բոլոր սահմանակետերը։ Ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրի կառավարման ձևը պարզ կդառնա առաջիկայում։