ԿԳՄՍ նախարարը հնդիկ կինոարտադրողներին առաջարկել է ֆիլմեր նկարել Հայաստանում

Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել նաև Հայաստանում հնդկական կրթամշակութային կենտրոն հիմնելու հնարավորությունը` որպես կրթամշակութային փորձի փոխանակման հարթակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հնդիկ կինոարտադրողներին առաջարկել է համագործակցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ և նախագծեր իրականացնել Հայաստանում:
«Հայկականացնելով» Եվրոպայի փորձը. ինչպես են երիտասարդները տարեցների կենտրոն աշխատեցնում
Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս առաջարկը հնչել է այսօր Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեի և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալիի հետ հանդիպման ընթացքում։
Դումանյանը համոզմունք է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համատեղ մշակութային ծրագրերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանն ու զարգացմանը: Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում հնդկական կրթամշակութային կենտրոն հիմնելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ կենտրոնը կարող է նպաստել Հայաստանում Հնդկաստանի մշակույթը լավագույնս ներկայացնելուն և գործել որպես կրթամշակութային փորձի փոխանակման հարթակ:
Նախարարը նաև առաջարկել է դիտարկել պետական կրթաթոշակային ծրագրի ներդրումը հայ և հնդիկ ուսանողների համար:
Վինայ Սահասրաբուդհեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դրական է արձագանքել հնչած առաջարկներին և ընդգծել, որ քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար չկա որևէ խոչընդոտ: