Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետապնդում է մի քանի նպատակ, նախևառաջ ցանկանում է, որ պատերազմի արդյունքները հաստատվեն փաստաթղթի հիման վրա, որը պետք է լինի համալիր և վերաբերի բոլոր հարցերին` սկսած սահմաններից, վերջացրած Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի առկայությամբ, նույնիսկ առանց ինքնավար մարզի կարգավիճակի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը։
«Երկրորդ նպատակն այն է, որ թույլ չտրվի Հայաստանի բանակին վերազինվել, ձեռք բերել նոր, արդիական սպառազինություն։ Դրա համար տեսնում ենք ադրբեջանական կողմի առաջխաղացման փորձեր սահմանի տարբեր հատվածներում` Երասխում, Սև լճի շրջակայքում, Վերին Շորժայում։ Ադրբեջանցիները ձգտում են վերահսկել դեպի Սյունիք գնացող ճանապարհները և լուծել զանգեզուրյան միջանցքի հարցը»,– նշեց քաղաքագետը։
Դունամալյանի կարծիքով` Ադրբեջանի երրորդ նպատակը հայ–ադրբեջանական հակամարտությանն առնչվող հարցերի տարանջատումն է արցախյան խնդրից, որպեսզի դրանք առհասարակ չզուգորդվեն, մինչդեռ մեր դիվանագիտությունը, ըստ նրա, գտնվում է շատ բարդ վիճակում, որպեսզի կարողանա հստակ արձագանքել բոլոր խնդիրներին։
Հիշեցնենք, որ «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր` Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, և ադրբեջանական կողմն իրեն մտահոգող հարցն արդեն իսկ ուղղել է ՌԴ իշխանություններին։
Հավելենք, որ Ալիևն այդ հարցազրույցի ընթացքում հիշատակել էր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը և անհանգստություն հայտնել մասնավորապես ռուս նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարության կապակցությամբ, ըստ որի` վերսկսվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը։