ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին` հայտնելով, որ մեծ ուրախությամբ է տեղեկացել Երևանում դեսպանատուն բացելու Ուրուգվայի որոշման մասին: «Մենք ինքներս էլ քննարկում ենք Ուրուգվայում դեսպանատուն բացելու հնարավորությունը, և ձեր որոշմամբ դուք օգնեցիք, որ մենք ավելի շուտ որոշում կայացնենք»,– ասել է նա` հույս հայտնելով, որ երկու երկրների բարեկամական մթնոլորտը կամրանա նաև տնտեսական հարաբերությունների սերտացմամբ։
Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հայտնել է, որ արդեն իսկ որոշվել է, թե ով է լինելու Հայաստանում Ուրուգվայի առաջին դեսպանը։ Նրա խոսքով` այդ պաշտոնում կնշանակվի Հայաստանում Ուրուգվայի ներկայիս հյուպատոս Էդուարդո Ռոսենբրոկը:
Փաշինյանն ընդգծել է, որ Ուրուգվայը հատուկ տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի սրտում որպես Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես (1965թ.) ճանաչած պետություն: Վարչապետը բարձր է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Ուրուգվայի անկողմնակալ և կառուցողական դիրքորոշումը և նշել, որ Հայաստանը երախտապարտ է 2020թ. հոկտեմբերին Ուրուգվայի Սենատի ընդունած բանաձևի համար, որը դատապարտում է Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը պատերազմում, և Ներկայացուցիչների պալատի բանաձևի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը:
Հիշեցնենք` Բուստիժոն Հայաստան է եկել պաշտոնական այցով։ Այսօր նա հանդիպում էր ունեցել ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ արժևորելով հայ–ուրգվայական 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները` Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում։