ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Յակուտիայի իշխանությունները հետմահու կպարգևատրեն տրակտորիստ, հայաստանցի Էլբագի Իգիթյանին, որը մասնակցել է անտառային հրդեհների մարմանը: Տեղեկությունը Instagram-ի իր էջում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Այսեն Նիկոլաևը։
«Հարգանքի տուրք մատուցեցի անտառային հրդեհների դեմ պայքարում զոհված Էլբագի Աղասի Իգիթյանի հիշատակին, որին այսօր վերջին հրաժեշտն են տալիս իր հայրենի հողում՝ Հայաստանում։ Ի նշան խորին երախտագիտության և ամենայն հարգանքի՝ ես որոշել եմ հայ ժողովրդի զավակին հետմահու պարգևատրել «Քաղաքացիական արիություն» նշանով»,–գրել է նա։
Ավելի վաղ Նիկոլաևը հայտնել էր, որ Յակուտիայի իշխանությունները օգնություն կցուցաբերեն մահացած տղամարդու ընտանիքին:
Հիշեցնենք, որ Իգիթյանը մահացել է օգոստոսի 9-ին անտառային հրդեհի մարման ժամանակ։