ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով կահավորված դիտակետերում պլանային կարգով մարտական պատրաստության պարապմունքներ և մարզումներ են անցկացնում` խախտումներն ու հավանական հարձակումները կանխելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերից շուրջօրյա ռեժիմով խաղաղապահներն ապահովել են ավելի քան 58 000 մեքենայի և մոտ 210 հազար մարդու տեղաշարժի, պարենի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը Լաչինի միջանցքով դեպի ԼՂ և հակառակ ուղղությամբ կողմերի սահմանազատման գծի մոտ։
«Դիտակետի անձնակազմը վերահսկում է հրադադարի պահպանման ռեժիմը, ապահովում Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, միևնույն ժամանակ յուրաքանչյուր մեքենա ստուգվում է, անհրաժեշտության դեպքում` զննվում։ Ամեն օր դիտակետով շուրջ 200 մեքենա է անցնում», – պատմել է ԼՂ–ում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: