Արցախի պետնախարարը պատասխանել է Ալիևին

Բեգլարյանի խոսքով` հայկական կողմն ակնկալում է, որ միջազգային հանրությունը հստակ պատասխան կտա Ալիևի այն խոստովանությունը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։
«Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում»,– Twetter-ի իր միկրոբլոկում գրել է Բեգլարյանը։
Նա հավելել է, որ Արցախում ներկա պահին ապրում է 120 000 բնակիչ և ոչ թե 25 000, ինչպես ասել է Ալիևը։
«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությանը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»,– նշել է Արցախի պետնախարարը:
​Հիշեցնենք`օգոստոսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իրենց հաշվարկներով` Լեռնային Ղարաբաղում բնակվում է 25 հազար քաղաքացի:
Ալիևը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, նրանց համար ավելի մեծ հնարավորություններ կստեղծի։
ՌԴ–ն առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ. ինչո՞ւ է Ալիևը նյարդայնացել