Հատկանշական է, որ Ալիևը հարցազրույց է տվել հենց CNN Turk լրատվամիջոցին, որովհետև նրա հակառուսական հայտարարությունների հետևում կանգնած է Թուրքիան, Ալիևի շուրթերով խոսում է հենց Թուրքիայի նախագահը` դժգոհություն հայտնելով Մոսկվայից, և այդտեղ ավելի շուտ շոշափվում են Անկարայի, այլ ոչ թե Բաքվի շահերը, Sputnik Արմենիային հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Էրդողանը զայրացած է այն հանգամանքից, որ 44-օրյա պատերազմի արդյունքում չհասավ իր գերնպատակներին, այսինքն` Ռուսաստանի գործուն ջանքերի շնորհիվ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա չտեղակայվեց և Նախիջևանը ցամաքով Ադրբեջանին կապող միջանցք չբացվեց։ Բացի այդ, Թուրքիան զրկվել է նաև ապաշրջափակման ենթակա հաղորդակցական ուղիների նկատմամբ վերահսկողություն հասատատելու հեռանկարից»,– ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանի դիտարկմամբ` Ադրբեջանն իր անկախության տարիների ընթացքում միշտ փորձել է վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի շատ մեծ կախվածության մեջ չլինի ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ռուսաստանից` որոշակի հավասարություն պահպանելով այդ երկրների հետ հարաբերություններում, սակայն 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը դարձել է Թուրքիայի կցորդը։ Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ Անկարան Բաքվից պահանջում էր ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության» անկախությունը, այսինքն`լինելով Թուրքիայից կախվածության մեջ` Ադրբեջանն անելու է քայլեր, որոնք ձեռնտու են Էրդողանին ու նրա վարչակազմին։
«Քանի որ ՌԴ–ն արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման և խաղաղության պահպանման հիմնական շահառուն է, հետևաբար տրամաբանական է, որ Ալիևի դժգոհություններն ուղղված են Ռուասատանին, բայցևայնպես Ալիևը հասկանում է մի շատ կարևոր հանգամանք, որ պատմական հնարավորությունների պատուհանը միշտ կարող է բացվել Հայաստանի համար, և առկա ստատուս–քվոն կարող է փոխվել։ Ալիևը գիտակցում է նաև, որ հիշատակված պատմական հնարավորությունների պատուհանը կարող է բացվել ՌԴ–ի հետ սիմետրիկ գործողությունների արդյունքում, հետևաբար փորձում է սեպ խրել հայ–ռուսական հարաբերություններում` հասնելու նրան, որ հայկական բանակը վերազինելու գործում հիմնական շահառու հանդիսացող Ռուսաստանը չկարողանա այդ ուղղությամբ որևէ գործողություն անել»,– նշեց քաղաքագետը։
Մաթևոսյանի պնդմամբ` հենց այդ համատեքստում Ադրբեջանը շարունակելու է սադրանքների դիմել նաև Արցախում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։
Հիշեցնենք, որ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր` Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին։
Հավելենք, որ Ալիևն այդ հարցազրույցի ընթացքում հիշատակել էր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը և անհանգստություն հայտնել մասնավորապես Արշակ Կարապետյանի հայտարարության կապակցությամբ, ըստ որի` վերսկսվել է Ռուաստանի կողմից Հայաստանին զինամթերք և զինտեխնիկա մատակարարելու գործընթացը։