ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում դեռևս մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշենք, որ հրդեհը բռնկվել էր դեռ երեկ. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։
«Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները»,–նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից 5 մարտական հաշվարկ։
Հիշեցնենք, որ Ուրցաձոր գյուղը գտնվում է դեպի Խոսրովի անտառ գնացող ճանապարհին ու սահմանակից է արգելոցին։