ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երեկ՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում` ոստիկանների «կանգ առ»–ին չենթարկվելուց հետո մեքենան բախվել է ծառին, որի հետևանքով վարորդն ու ուղևորը մահացել են. գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 21։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը։ Նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit մակնիշի առանց համարանիշի, փայտանյութով բարձված մեքենան Մարց-Լորուտ ճանապարհով անցնելիս է եղել, երբ ոստիկանները կանգնեցրել են այն։ Վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» պահանջին և ավելի արագ է սկսել վարել ավտոմեքենան։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո Ford-ը կորել է ոստիկանների տեսադաշտից։ Ոստիկանները, հասնելով Լորուտի վարչական տարածք, տեսել են, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։
Տեղում հայտնաբերվել են մահացած տղամարդու 2 մարմին, և մինչև ոստիկանության օպերատիվ խմբերն են փորձել ժամանել, մի խումբ անձինք հարձակվել են ոստիկանւթյան աշխատակիցների վրա` քարերով, փայտերով վնասվածքներ պատճառել նրանց, ապա ոստիկանական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գցել են անտառը։
Դեպքի վայր շտապող ոստիկանության «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկաններին նույնպես ծեծել են, իսկ մեքենան՝ հրկիզել։
Միջադեպի հետևանքով կան նաև վիրավորներ, որոնք տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլև Լորուտ գյուղում, քանի որ կան կասկածներ, որ անօրինական ձևով անտառահատման ու ոստիկանական օրինական պահանջին չենթարկվող, ապա վթարի ենթարկված մահացածների հարազատներն այդ գյուղից են։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։