Անցած շաբաթը հագեցած էր մի շարք իրադարձություններով, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի թղթակիցների ֆոտոխցիկներից։
Արդեն երկու ամիս է, ինչ Նորքի տուն–ինտերնատի տարեցների կյանքը փոխվել է`Ռոբին անունով ռոբոտը հյուրընկալվել է այնտեղ և հիմա տարեցները չեն ուզում բաժանվել նրանից։ Տարեցները հենց Ռոբինին են պատմում իրենց գաղտնիքները, նրա հետ երգում ու պարում։ Իսկ, ահա, Երևանում «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ–ի կենտրոնում տարեցներն էլ իրենց զբաղմունքն են գտել` ձեռագործությամբ են զբաղվում, փոքրիկ կարպետներ են գործում, զուգահեռ զրուցում ու պատմում իրենց այսօրվա–երեկվա–վաղվա կյանքից։
Օլիմպիական խաղերից վերադարձած Արթուր Դավթյանն էլ մամուլի ասուլիսով է հանդես եկել` ներկայացնելով իր տպավորությունները։
Օգոստոսի 10-ին 44–օրյա պատերազմում զոհված Աբրահամ Մարուխյանի ծննդյան օրն էր` ընտանիքը, հարազատներն ու ընկերները Աբրահամի 26-ամյակը ստիպված են նշել Եռաբլուրում։
Նախորդ շաբաթվա ընթացքում կենդանաբանական այգու աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ակցիա արեցին. նրանք դեմ են նոր նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` Արևիկ Մկրտչյանին։
Sputnik Արմենիան անդրադարձել է նաև Քանաքեռում պահպանված ամենահին` 13-րդ դարի հուշարձանին, որը նույնիսկ ավերիչ երկրաշարժից հետո է կանգուն մնացել։ Տեղացիները հավատում են, որ այն հրաշքներ է գործում՝ տարբեր հիվանդություններ բուժում, բաղձալի զավակ պարգևում։
Բացի այդ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շնորհիվ կառուցվում է Շիրակի օդանավակայանի նոր ժամանման սրահ ու ամբողջությամբ նորոգվում է վազքուղին:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում ֆուբոլասերներին ևս ուշարժան հանդիպում էր սպասվում. Երևանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում 3-2 հաշվով հաղթանակի հասավ Ղազախստանի «Կայրաթի» նկատմամբ ու դուրս եկավ փլեյօֆֆ։