ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Վերջին իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վրա չեն կարող չազդել։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանն անդրադառնալով թալիբների` իշխանության գալուն։
«Թալիբները փաստացի հանդիսանում են Պակիստանի «պրոքսի» ուժ, իսկ հայ-պակիստանական հարաբերություններում որևէ դրական հեռանկար տեսանելի ապագայում բացառված է (հիշեք նաև վերջին Արցախյան պատերազմում Պակիստանի թշնամական ներառումը)»,–գրել է նա։
Աշոտյանի խոսքով` թեպետ այս պահին պաշտոնական Մոսկվան զուսպ է իրադարձությունների նկատմամբ և թալիբների հետ երկկողմ շփումների մեխանիզմներ ու փորձ է կուտակում, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ասիական հատվածի համար առաջացող նոր մարտահրավերները ՝ տեռորիզմ, միգրացիա, սեպարատիզմ, նարկոտրաֆիկ, գլխացավանք կարող են դառնալ Ռուսաստանի համար։ Իսկ Ռուսաստանի սահմանների երկայնքով ապակայունացման նոր օջախների առաջացումը, ըստ նրա, ավելացնելու է լարվածությունը նաև Հարավային Կովկասում։
Ըստ Աշոտյանի՝ Թուրքիայի համար բացվում է երկարաժամկետ խաղի նոր հեռանկար Միջին Ասիայիում, ինչը ավելացնելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանց այդ էլ անառողջ ախորժակը այլ տարածաշրջաններում։
Հիշեցնենք, որ առավոտյան Ջելալաբադի գրավումից հետո «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլում՝ նախագահական պալատում բանակցություններ էին վարում իշխանության խաղաղ փոխանցման մասին։ Ի վերջո, Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին վայր է դրել լիազորությունները՝ հայտարարելով, որ Քաբուլում ռազմական գործողություններ չպետք է լինեն։