ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ: Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Այս տեղեկությունները ՄԻՊ–ին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաև ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա: Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու: Նրանց դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ»,–նշված է գրառման մեջ։
Ըստ ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած փաստերի` ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի և ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո:
Թաթոյանը փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է: Նա արձանագրում է, որ ակնհայտ է` մարդկանց իրավունքները հնարավոր կլինի ապահովել միայն անվտանգության գոտու պայմաններում:
Հավելենք միայն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս հաղորդագրություն չի տարածել այս առնչությամբ։