ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովա) կոմայից հետո մասամբ կորցրել է հիշողությունը։ Տեղեկությունը հայտնում է ren.tv–ին` հղում անելով նրա մենեջեր Յանա Բոգուշևսկայային։
«Մարինան գրեթե չի հիշում կամ մասամբ է հիշում կոմայից առաջ տեղի ունեցած որոշ իրադարձություններ, օրինակ` սեփական դպրոցի բացումը և Կազանի վերջին համերգը»,– պատմել է Բոգուշևսկայան:
Երգչուհին արդեն վերադարձել է տուն, բայց դեռ վերականգնողական երկար փուլ պիտի անցնի։ StarHit-ը գրում է, որ նա դեռ դժվարությամբ է քայլում, գլուխը պտտվում է, և շնչառության հետ կապված դժվարություններ են առաջանում։
«Մարինան դեռ երկարատև բուժման կարիք ունի։ Նա նորից է սովորում քայլել»,– ասել է Բոգուշևսկայան։
Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում էր։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։
Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%–ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։
Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից։