ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk- ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին շրջանում հայկական կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:
Ադրբեջանի ղեկավարը այսկերպ մեղադրանք է ուղղել Հայաստանին` հայտարարելով, որ ԼՂ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հարյուրհազարավոր ականներ են դրված։ Նրա խոսքով` պատերազմի ավարտից` նոյեմբերի 10-ից մինչ օրս, ականների պայթյունից մահացել են ավելի քան 150 խաղաղ բնակիչ ու զինվորական:
Միաժամանակ Ալիևը վստահեցրել է, որ ականազերծման աշխատանքները, ինչպես նաև ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն ընթանում են «արագացված տեմպերով»:
Հիշեցնենք` 202թ–ի հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։
Հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի։ Նրանց վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։