ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Արաբական խոշորագույն «Air Arabia՞ լոուքոստերի հետ համատեղ ազգային ավիաընկերության ստեղծումը կխթանի ավիացիայի զարգացումը, ինչպես նաև դրական կազդի երկրի զբոսաշրջային հոսքերի վրա: Նման եզրակացության են հանգել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնագետները։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան կոմիտեից հայտնեցին, որ երկրում գործող «բաց երկնքի» քաղաքականությունը չի խանգարում ազգային ավիափոխադրողի ստեղծմանը։
«Air Arabia»-ն և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF, պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ է) ազգային ավիափոխադրողի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրեցին հուլիսի 14-ին։
Մերձավոր Արևելքի խոշորագույն լոուքոսթերի ղեկավարությունը նույն օրը հայտարարեց, որ մտադիր է «Airbus 320» և «Airbus 321» ինքնաթիռներով թռիչքներ իրականացնել 2022թ․-ի ամռանը։ Այդ ինքնաթիռները, ի դեպ, լավագույնն են համարվում ավիացիայի շուկայում։ Նոր ավիաընկերությունն առայժմ անվանում չունի, դեռևս չկա երկրների ցուցակը, ուր նախատեսվում է թռիչքներ իրականացնել։ Բայց արդեն հայտարարվել է, որ հաշվի կառնեն տեղի բնակչության նախընտրությունները, սփյուռքի և զբոսաշրջիկների հետաքրքրությունները։ Նախատեսվում է 5 տարվա ընթացքում 15 ինքնաթիռ գնել։
Ինչպիս՞ն կլինի նոր ավիափոխադրողը
ANIF-ի և «Air Arabia»-ի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ հայկական ավիաընկերություն։ Հայաստանի ավիացիայի մասին օրենքի համաձայն՝ հայկական կողմի մասնաբաժինը կկազմի 51 տոկոս։
Նոր ավիաընկերությունը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող, թռիչքները կիրականացնի Հայաստանի դրոշի ներքո և կբազավորվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Կոմիտեում վստահ են, որ «Air Arabia» ընկերությունը Հայաստանում կներդնի նոր և արդեն իսկ այլ երկրներում փորձարկված ու հաջողված ավիափոխադրողի իր մոդելը։
«Այս ներդրումը ոչ միայն կնպաստի Հայաստանում ավիացիայի զարգացմանը, այլև ՀՀ քաղաքացիների համար կստեղծի հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորություն»,-նշվում է Քաղավիացիայի կոմիտեի պատասխանում։
Բացի այդ, այն թույլ կտա նպաստավոր պայմաններ ստեղծել ավիացիայի ոլորտի ենթակառուցվածքների նորացման համար, ինչպես նաև աճ գրանցել զբոսաշրջության և հարակից ոլորտներում։ Արդյունքում նոր աշխատատեղեր կբացվեն, ինչը հնարավորություն կտա օգտագործելու երկրում եղած ներուժը։
Կոմիտեից հիշեցրել են, որ «Air Arabia»-ն ավիաընկերությունների շահագործման հաջող փորձ ունի։ Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ Այսօր այն սպասարկում է շուրջ 170 ուղղություն, ունի մոտ 120 «Airbus A320/321» տիպի ինքնաթիռ։
Բացի այդ, կոմիտեում ակնկալում են, որ «Air Arabia»-ի մասնագետները հայ գործընկերներին կներկայացնեն իրենց փորձն ու գիտելիքները, ինչը դրական կանդրադառնա ոլորտի տարբեր ուղղությունների վրա, ներառյալ՝ թռիչքային անվտանգությունը:
Ի՞նչ է արվել և ո՞ր ուղղություններով
Նոր ավիաընկերություններ ներգրավելու և հայկական ավիաշուկան գրավիչ դարձնելու համար դեռևս համավարակից առաջ փոփոխություններ են ընդունվել «Պետական տուրքի մասին» օրենքում, որի համաձայն նոր ուղղություններով չվերթեր իրականացնող ավիաընկերությունները ազատվել են օդի տուրքից։
«Մեկ տարվա ընթացքում մենք 16 նոր ուղղություն ավելացրինք։ 2020թ․-ը պետք է լավագույնը դառնար հայկական զբոսաշրջության համար, իսկ հայկական շուկան էլ սկսել էր հետաքրքիր դառնալ և նկատվել ներդրողների կողմից»,-ասվում է հարցման պատասխանում։
Ինչ վերաբերում է ազգային փոխադրողի ուղղություններին, ավիաընկերությունը հիմնականում կկատարի առավել պահանջված չվերթերը։
Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն ազգային ավիափոխադրողներ ունեցել է։ Առաջինը «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն էր՝ պետական մասնակցությամբ։ Այն գործեց 1993-2003թթ․-ին, այնուհետև սնանկացավ։ 1996թ․-ին հիմնադրվեց մասնավոր «Արմավիա» ավիաընկերությունը, որը պատկանում էր իշխանություններին մոտ կանգնած գործարար Միխայիլ Բաղդասարովին։ Ընկերությունը 2003թ․-ին ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստացավ, սակայն ավիաշուկայում դիմացավ մինչև 2013թ․-ը, ապա սնանկ հայտարարվեց։
2013թ․-ին ՀՀ իշխանությունները հայտարարեցին «բաց երկնքի քաղաքականության» անցնելու մասին։ Մինչև կորոնավիրուսի համավարակը «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում կանոնավոր և չարթերային չվերթեր էին իրականացնում 39 ավիաընկերություններ։
2015թ․-ին հիմնադրվեց Armenia ավիաընկերությունը, 2019թ․-ից ի վեր ավիաշուկայում է Armenia Airways-ը։ Նույն թվականին շուկայից դուրս եկավ «Տարոն-ավիան»։ Ընկերությունը 12 տարի շարունակ աշխատում էր ԱՊՀ երկրների շուկաներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում (վերջին տարիներին հիմնականում բեռների փոխադրում էր իրականացնում):