ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ 49-ամյա տղամարդը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով։
«Պարզվել է, որ տղամարդուն Կարմիր Բլուրի փողոցի իր տանը դանակահարել էր Ներքին Չարբախի 31-ամյա մի բնակիչ: Դանակահարողը, որ տուժողի կնոջ որդին էր՝ նախկին ամուսնուց, մարմնական վնասվածք պատճառելուց հետո դիմել է փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդումից մեկ ժամ անց Ներքին Չարբախի 5-րդ փողոցում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: