Ձախլիկության շուրջ բազմաթիվ առասպելներ կան։ Ձախ ձեռքն աջից ավելի շատ օգտագործող մարդիկ ընդամենը 10-15% են կազմում, և ասում են, թե իբր ձախլիկները մեծամասամբ ակնառու հաջողություններ և հանճարեղ լուծումներ են գրանցում։
Գիտությունը վաղուց հերքել է այդ բոլոր առասպելները, ոչ մի հետազոտություն ցույց չի տվել ձախլիկ մարդկանց հատուկ ունակությունների առկայությունը, որոնք կապված են հենց ձախլիկ լինելու հետ։
Արդեն քառասուն տարի է, ինչ աշխարհը նշում է ձախլիկների օրը։ Այս օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց բախվում են ձախլիկները աջակողմյան աշխարհում, նաև դիզայներների, արտադրողների և վաճառողների ուշադրությունը հրավիրել ձախլիկների հարմարավետությունը հաշվի առնելու անհրաժեշտության վրա։ Այս օրը միտված է նաև ցրել այն նախապաշարմունքներն ու սնահավատությունը, որոնք դարեր շարունակ տարբեր մշակույթներում շրջապատում են ձախլիկներին, խրախուսել գիտական հետազոտություններ ձախլիկ երևույթի ուսումնասիրության բնագավառում:
Հետաքրքիր է, որ կան նույնիսկ ցուցակներ, որտեղ ներկայացված են աշխարհին հայտնի ձախլիկները։ Այս ցուցակում են հայտնվել Հուլիոս Կեսարը, Լեոնարդո դա Վինչին, Լև Տոլստոյը և աշխարհին հայտնի շատ գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։
Տեսություններից մեկի համաձայն՝ մոր արգանդում ձախլիկների ուղեղն առանձնահատուկ կերպով է ձևավորվում տեստոստերոնի շնորհիվ։ Այդ պատճառով ձախլիկ տղամարդիկ մոտ մեկ քառորդով ավելի շատ են, քան ձախլիկ կանայք։