Հայաստանն անհրաժեշտության դեպքում անմիջապես կաջակցի Հունաստանին. ԱԳՆ խոսնակ

Վահան Հունանյանը նշել է, որ Հայաստանը կշարունակի ուշի ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնի եղբայրական հույն ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանն անհրաժեշտության դեպքում անմիջապես կաջակցի Հունաստանին` անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն` անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին:
Ծխի մեջ թաղված Աթենքն ու այրվող անտառները. Հունաստանը պայքարում է աղետաբեր հրդեհների դեմ
«Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում: Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել»,–ասել է Հունանյանը։
Նրա խոսքով` Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա։
ԱԳՆ խոսնակը նշել է նաև, որ Հայաստանը կշարունակի ուշի ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնի եղբայրական հույն ժողովրդին։
Թուրքիայում կրկին հրդեհ է, այս անգամ՝ «Դալաման» օդանավակայանի մոտ
Հիշեցնենք, որ արդեն 10 օրից ավել է` Հունաստանում 40 աստիճան շոգ է. օգոստոսի 5-ին սաստիկ հրդեհ էր բռնկվել Աթենքի հյուսիսային արվարձանի Ահարնես շրջանի Վարիբոբի բնակավայրի մոտակայքում: Մարդկանց տարհանել են մի քանի բնակավայրերից, հրդեհի շրջանում ոստիկանությունը փակել է ճանապարհները, ծուխը պատել է Աթենքի երկինքը: Ըստ հունական ԶԼՄ-ների` Հունաստանի առանձին շրջաններում, մասնավորապես Էվբեյա կղզում ու Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհները ավերել կամ վնասել են ավելի քան 200 տուն: