ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 17-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը։
Օրակարգում լինելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախատեսվում է, որ օրենքի 2 ընթերցումներն էլ կկազմակերպվեն արտահերթ նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, ըստ որի` ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է։
Հավելենք, որ մայիսի 10-ին ԱԺ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում: