ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկանում ենք պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ` քննարկելով գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։
«Կարապետյանը նշել է, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ նախորդ ամիս հայտարարել էր, որ ծրագրում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման բարեկարգել։ Նախատեսվող ծախսերը, նախարարության հաշվարկով, կկազմեն 1,5 մլրդ դրամ։ Բացի այդ, նախատեսվում է, որ միանման շիրմաքարեր պետք է կառուցվեն. առաջարկված տարբերակը, սակայն, ըստ լուրերի, որոշ ծնողների դուր չէր եկել։