Երևանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում 3-2 հաշվով հաղթանակի հասավ Ղազախստանի «Կայրաթի» նկատմամբ ու դուրս եկավ խաղարկության փլեյօֆֆ փուլ։
Հանդիպման հաշիվը բացվեց 43-րդ րոպեին․ մեր թիմի կազմում աչքի ընկավ Ժոզե Էմբալոն, սակայն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին մրցակցի կազմում հաշիվը հավասարեցրեց Աիբոլ Աբիկենը։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին Էմբալոն «Ալաշկերտին» առաջ մղեց հաշվի մեջ՝ դառնալով դուբլի հեղինակ։
61-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո մրցակցի կազմում հաշիվը հավասարեցրեց Արթուր Շուշենաչևը։
1 րոպե անց Դենիս Պոլյակովը կանոնների կոպիտ խախտում թույլ տվեց Արտակ Գրիգորյանի հետ պայքարում ու ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակի 13-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչն առաջ մղեց «Ալաշկերտին»՝ 3:2։
«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյօֆֆում մրցելու է շոտլանդական «Գլազգո ռենջերս»-ի հետ։