ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Արարատի մարզի մոտ 10 գյուղ արդեն երկրորդ օրն է՝ առանց հոսանքի են մնացել։
Sputnik Արմենիայի խմբագրություն էր դիմել Սայաթ-Նովա գյուղի բնակչուհի Օլգա Չուպրովան և տեղեկացրել, որ իրենց գյուղում և մերձակա գյուղերում օգոստոսի 11-ից ի վեր էլեկտրականություն չկա, և իրենց հայտնել են, որ պատճառը ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարն է։
«Առանց լույսի շատ գյուղացիներ ջուր չեն կարողանում ստանալ, այդ թվում՝ ոռոգման, պոմպերը չեն աշխատում։ Տխուր վիճակ է, փոքր բիզնեսը վնասներ է կրում։ Շատերը գեներատորների գնելու հնարավորություն չունեն»,-ասաց Չուպրովան։
Նրա խոսքով` անջատումներ շատ հաճախ են պատահում՝ ուժեղ քամու պատճառով, ինչ-որ աշխատանքների իրականացման ժամանակ։
Տարածքային կառավարման նախարարությունից նրան հայտնել էին, որ իրավիճակից տեղյակ չեն, իսկ տեղական պատասխանատուները հեռախոսներին չեն պատասխանում։ Մեծ դժվարությամբ կարողացել է զանգահարել էլեկտրական ցանցերի թեժ գծին, օպերատորն ասել է, որ վթարային անջատում է` չհայտնելով, թե երբ մատակարարումը կվերականգնվի։
«40 աստիճան շոգին ինչպե՞ս մնանք առանց ջրի ու հոսանքի։ Բոլորը արհամարհում են, երևի բոլորի մոտ ամեն ինչ լավ է, բացի մեզնից՝ գյուղում ապրողներից»,-ասաց Չուպրովան։
Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ, որը հայտնեց, որ անջատման պատճառը լուրջ վթարն է եղել, որը եղել է օգոստոսի 11-ի փոթորկի պատճառով։
«Երեկ չէ առաջին օրը ուժեղ փոթորիկ է եղել, էլեկտրական ցանցերը վնասվել են, այդ թվում՝ բարձրվոլտայինները։ Խայտառակ վիճակ է։ Տուժել են Մասիսի գյուղերը, մոտ 10 գյուղում հոսանքն անջատված է»,-ասաց Թևոնյանը։
Նրա խոսքով՝ այսօր երեկոյան բարձրավոլտ լարերը պետք է միացնեն։ Փոքր տրանսֆորմատորների հետ իրավիճակն այդքան բարդ չէ, այսօր պետք է որ սկսեն նաև գյուղերին հոսանք մատակարարել։ Աշխատանքներն ամբողջությամբ պետք է ավարտեն վաղը։
Նա հաստատեց, որ էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով որոշ տներում նաև ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Խոսքն, առաջին հերթին, բնակարանների մասին է։
«Դե մենք ի՞նչ անենք, եթե հոսանքը չկա՝ չկա։ Հասկանում եք, շատ մեծ ավերածություններ են եղել։ Ջերմոցներում, օրինակ, քամին բետոնե 60 սմ-անոց հիմքերն է պոկել»,-նշեց Թևոնյանը։
Նրա խոսքով՝ այժմ հանձնաժողով է ձևավորվում, որը պետք է տվյալներ հավաքի բնակիչների կրած վնասի մասին։
Իր հերթին «Հայաստանի Էլեկտրական ցանցերի» մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հոսքնի մատակարարումը պետք է վերականգնվի ընթացիկ օրվա ուշ երեկոյան։
«Խոշոր վթար է եղել, փոթորկի պատճառով 10 հենասյուն էր շրջվել։ Մի մասը վերականգնել են, 5 գյուղ է մնում։ Պետք է երեկոյան դրանք էլ վերականգնեն»,-ասաց Սարջանյանը։
Նշենք, որ ուժեղ քամի է արձանագրվել ոչ միայն Արարատի մարզում, այլև հանրապետության այլ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքում։