ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ բրիտանական դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ լուսանկարվելու պատճառով, հաղորդում է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը: Դեսպանները լուսանկարվել են պատմական շենքի ֆոնին, որտեղ 1943 թվականին տեղի է ունեցել Թեհրանի խորհրդաժողովը:
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանը Իրանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ համատեղ լուսանկարին հետևած իրանական հասարակության ոչ միանշանակ արձագանքի կապակցությամբ», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Բացասական արձագանք է տվել նաև Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը. նա լուսանկարը «անտեղի» է անվանել։
«Պետք է արդյոք բոլորին հիշեցնել, որ 2021 թվականի օգոստոսը 1941 թվականի օգոստոսը չէ և 1943 թվականի դեկտեմբերը չէ։ Իրանի ժողովուրդը ցույց է տվել, այդ թվում՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ժամանակ, որ իր ճակատագիրը երբեք չի կարող կախված լինել օտարերկրյա դեսպանությունների կամ տերությունների որոշումներից», - գրել է նա Twitter-ում:
Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցն ընթացել է բարեկամական մթնոլորտում, իրանական կողմին տրվել են բոլոր անհրաժեշտ պարզաբանումները: ՌԴ դեսպանը ափսոսանք է հայտնել ի հայտ եկած թյուրըմբռնման համար։