Հանքարդյունաբերությունից տուժող համայնքներն արդարացի փոխհատուցում կստանան

Հանքարդյունաբերության ազդակիր համայնքներին գումար տրամադրելու կարգ նախատեսված է նաև այսօր գործող օրենսդրությամբ, բայց դա իրականացվում է ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանյան հանքարդյունաբերությունից տուժող համայնքներն արդարացի փոխհատուցում կստանան իրենց կրած վնասների դեմ։ Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող համապատասխան փոփոխության նախագիծը։
«Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել արդարացի վերաբաշխման այս շեշտադրության վրա, որը դրված է նախագծի հիմքում։ Նախագծով առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի (բնօգտագործման վճար- խմբ.) վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների 2 տոկոսը ուղղել տվյալ ազդակիր համայնքներին»,– ասաց Սանոսյանը։
Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը. եթե հանգիստ լինի, գիշերային հերթափոխն էլ կաշխատի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց օրենսդրական նախաձեռնությունը` նշելով, որ գումարը փոքր չէ, և 2020թ–ի տվյալներով` շուրջ 700 մլն դրամ է կազմում, որը նոր օրենքով կարող է բաշխվել ՀՀ 23 համայնքների միջև` հնարավորություն ստեղծելով մի շարք սոցիալ–տնտեսական ծրագրեր իրականացնելու։
«Եթե հաշվի առնենք, որ մետաղների գները շարունակաբար բարձրանում են, այդ գումարը միանշանակ ավելանալու է»,– ասաց նա։
Ի դեպ, հանքարդյունաբերության ազդակիր համայնքներին գումար տրամադրելու կարգ նախատեսված է նաև այսօր գործող օրենսդրությամբ, բայց դա իրականացվում է ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով` թողնելով դա հանքարդյունաբերողի որոշմանը։
«Տնտեսվարողների հետ չի քննարկվել». Քերոբյանն ասաց` ինչու են հանքատերերի տուրքը բարձրացնում
«Օրինակ` ամենամեծ ֆինանսական ռեսուրսներով բարեգործական ներդրումներ կատարած ընդերք օգտագործողները՝  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, ներդրումներ են կատարել այնպիսի ծրագրերում, որոնք այդքան էլ արդյունավետորեն կանոնակարգված ձևով չեն նպաստում համայնքի ամբողջական տնտեսական և սոցիալական զարգացմանը»,– ասված է նախարարի ներկայացրած որոշման նախագծի հիմնավորումներում։
Վերաքննիչը հաստատեց. «Լիդիան Արմենիայի» իրավունքները ոտնահարվել են պետական մարմնի կողմից
Նախագիծը հաստատվեց կառավարության նիստում ու առաջիկայում կներկայացվի արդեն ԱԺ–ի քննարկմանը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2016թ-ին 7 հանքարդյունահանող ընկերությունների կողմից պետական բյուջե է մուտք եղել ընդհանուր 23 570 664 833 ՀՀ դրամ ռոյալթի, իսկ 2017թ-ին՝ 10 ընկերությունների կողմից ընդհանուր 37,575,079,556 ՀՀ դրամ ռոյալթի։