Երիտասարդների երազանքներով է պայմանավորված պետության վաղվա օրը. Դումանյանի ուղերձը

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, ինչի կապակցությամբ էլ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երիտասարդների երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը: Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Տեղեկությունը հայտնում են նախարարության պաշտոնական կայքից։
ԱՄՆ–ն 5 մլն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատելու համար
«Սիրելի՛ երիտասարդներ, ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց ձեզ է վերապահված մեր հայրենիքի կայուն զարգացման, բարգավաճման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում աշխարհին պատվով ներկայանալու և պետությունն առավել ճանաչելի դարձնելու առաքելությունը: Աշխատե՛ք, զարգացրե՛ք ձեր տաղանդն ու հմտությունները, սիրե՛ք, շա՛տ սիրեք հայրենիքը, մարդկանց և աշխարհը»,–ասված է նախարարի ուղերձում։
Նա հիշեցրել է, որ 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է, ինչի առթիվ առանձնակի շնորհավորել է նաև կապանցի երիտասարդներին:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր` օրվա կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպել. «Լոֆթ» կենտրոնում քննարկում կլինի 150 երիտասարդների մասնակցությամբ։ Մարզերում նույնպես մի շարք միջոցառումներ կլինեն։